2 Chronicles 12
1 Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատուն դարձավ ու հզորացավ, նա և նրա հետ նաև բոլոր իսրայելացիներն անտեսեցին Տիրոջ պատվիրանները։
2 Եվ քանի որ մեղանչել էին Տիրոջ դեմ, Ռոբովամի թագավորության հինգերորդ տարում Եգիպտոսի արքա Սավսակիմը հարձակվեց Երուսաղեմի վրա
3 հազար երկու հարյուր մարտակառքերով ու վաթսուն հազար հեծյալներով։ Անթիվ էր Եգիպտոսից նրա հետ եկած բազմությունը՝ լիբիացիներ, տրոգլոդացիներ, եթովպացիներ,
4 որոնք տիրեցին Հուդայի ամրակուռ քաղաքներին։ Սավսակիմը եկավ Երուսաղեմ։
5 Սամեա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի իշխանների մոտ, որոնք Սավսակիմի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ լքեցիք, ուրեմն ես էլ ձեզ մատնելու եմ Սավսակիմի ձեռքը”»։
6 Իսրայելի իշխաններն ու արքան ամաչեցին և ասացին. «Արդար է Տերը»։
7 Երբ Տերը տեսավ, որ զղջացին, ասաց Սամեային. «Նրանք զղջացին, ուրեմն նրանց չեմ կործանի, կարճ ժամանակով նրանց հանգիստ կթողնեմ և իմ զայրույթը Երուսաղեմի վրա չեմ թափի։
8 Այսպիսով նրանք իմ ծառայության տակ կմտնեն և կիմանան, թե ո՛րն է ինձ ծառայելու և երկրային թագավորություններին ծառայելու տարբերությունը»։
9 Եգիպտոսի արքա Սավսակիմը եկավ, վերցրեց Տիրոջ տան գանձերն ու արքայի տան գանձերը. բոլորը տարավ։ Նա վերցրեց նաև Սողոմոնի պատրաստած ոսկե վահանները։
10 Ռոբովամը դրանց փոխարեն պղնձե վահաններ պատրաստեց և դրանք հանձնեց պահակազորքի զորագլուխներին, որոնք պահպանում էին արքայի դուռը։
11 Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, մտնում էր նաև պահակազորը՝ վահանները վերցրած, ապա դրանք վերադարձնում էին պահակազորի սենյակ։
12 Քանի որ Ռոբովամը զղջաց, Տիրոջ բարկությունը նրանից վերացավ, և նա իսպառ չկործանվեց, որովհետև Հուդայում բարի գործեր էլ կային։
13 Ռոբովամը հզորացավ Երուսաղեմում ու թագավորեց։ Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ գահ բարձրացավ։ Նա տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որ Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերից, որպեսզի իր անունը դնի դրա վրա։ Ռոբովամի ամովնացի մոր անունը Նոոմա էր։
14 Ռոբովամը չարիք գործեց, որովհետև նրա սիրտը հակված չէր Տիրոջը փնտրելուն։
15 Ռոբովամի առաջին և վերջին խոսքերն ու գործերը գրված են Սամեաս մարգարեի ու Ադդով տեսանողի գրքերում։ Ռոբովամի ու Հերոբովամի միջև հարատև պատերազմ էր։
16 Ռոբովամը մեռավ ու թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Աբիան։